Հետ շրջելով ժամանակը читать онлайн

О книге

Авторы:

Жанр:

Год издания неизвестен.

Номер издания: 9785449642356.

Аннотация

Իրադարձությունները տեղի են ունենում 2198 թ.: Ջուլյա Վեքսլերը ε-գալակտիկայի մոգության դպրոցի լավագույն աշակերտուհին է: Դպրոցը ավարտելուց հետո նրան պրակտիկայի են նշանակում ω-գալակտիկայում՝ օդաչուների հրամանատար Ջեկ Բլեքի ուղեկցությամբ: Սակայն հանգամանքները փոխվում են: Ջուլյային ուղարկում են Երկիր՝ որպես երկրացիներին անցյալ տեղափոխելու ծրագրի մասնակից: Ո՞վ է Ջուլյա Վեքսլերը: Ինչո՞ւ է նրան հետապնդում մոգության դպրոցի ղեկավարությունը, և ինչպե՞ս նրան հաջողվեց իրեն պաշտպանել դեռահասների աջակցությամբ:

Սուսաննա Հարությունյան, Մարիա Ղազարյան - Հետ շրջելով ժամանակը


շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի

թարգմանությունը ռուսերենից՝ Մելանիա Միքայելյանի


© Սուսաննա Հարությունյան, 2019

© Աննա Ղազարյան, 2019

© Մարիա Ղազարյան, 2019


ISBN 978-5-4496-4235-6

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Գլուխ 1 Ջուլյան

2198 թվական: Թզուկ ε-գալակտիկա, ինչ-որ տեղ α, β, γ… ω-գալակտիկաների միջև: Մոգության դպրոց:

– Էլիզաբե՛թ Սմիթ: Ձեր պրակտիկան կանցկացնենք β-գալակտիկայում: Դուք կուղևորվեք վաղը: Ձեզ կուղեկցի Ստյուարտ Լարկինը:

– Մարգարե՛տ Քյոնինգ: Դուք Կուրտ Կոխի հետ կթռչեք γ-գալակտիկա:

– Բոնի՛ Ցիմերման: Ձեր պրակտիկան նշանակված է α-գալակտիկայում: Ձեզ այնտեղ կտանի Լեսլի Զիմերը:

«Իսկ իմ հե՞րթը երբ կհասնի: Ու՞ր են ուղարկում ինձ», – Ջուլյայի գլխում, տիկին Էրիկա Գրոյսմանի հատու, միալար ձայնի «նվագակցությամբ», ասես աստղիկների պես, փայլատակում էին ու անմիջապես էլ մարում հարցեր, որոնք մնում էին անպատասխան: Նրա մտապատկերով անցնում էին իր կյանքի կարևոր իրադարձությունները:

Փոքրիկ աղջիկ էր, շատ պստլիկ, երբ որբացավ: Նույն օրը մահացան ծնողները և եղբայրները: Նրան դաստիարակեցին խորթ ծնողները: Նրանք տարիքն առած, անզավակ, աղքատ մարդիկ էին: Աղջիկը գիտեր, որ Մեգին ու Ջոնը իր կենսաբանական ծնողները չեն, բայց նա միշտ իրեն զգացել էր որպես իսկական, համերաշխ ընտանիքի մի մասնիկը: Մեգին ու Ջոնը սիրում էին Ջուլյային: Եվ միշտ նրա հետ վարվում էին ընդգծված հարգանքով՝ ցուցաբերելով ուշադրության առանձնահատուկ նշաններ: Դա նրանց միջև որոշակի հեռավորություն էր ստեղծում, որը տարիքի հետ ավելի ու ավելի էր շփոթեցնում Ջուլյային:

Յոթ տարեկանում նրան տվեցին մոգության իգական փակ դպրոց-ինտերնատ, որտեղ նա սովորեց և ապրեց տասը տարի: Հենց որ Ջուլյան ոտք դրեց դպրոցի շեմին, սկսվեց անհավատալի իրադարձությունների շքերթը: Սկզբում նա հազիվ փրկվեց վառվելուց: Պարզվեց, որ իրարանցման մեջ Ջուլյան անզգուշաբար տրորել էր Ջեյնի ոտքը, որի հետ բախվել էր դասարան մտնելիս, դռների արանքում: Սա ճչաց ցավից և այնպես զայրացավ Ջուլյայի վրա, որ իր հայացքից մի ակնթարթում բոցավառվեց Ջուլյայի համազգեստը: Աղջիկը չհասցրեց անգամ վախենալ, երբ իր կողքին, կարծես գետնի տակից, դուրս եկան երկու պահնորդ և հանգցրին կրակը: Դասարան մտնելով՝ աղջիկները ականատես դարձան Քեսսիի և Լինդայի միջև ծավալվող վեճին: Կորել էին Քեսսիի դասագրքերը: Եվ նա այդ բանում մեղադրում էր Լինդային:

– Իմ ինչի՞ն են պետք քո դասագրքերը: Ես իմ սեփականն ունեմ, – պնդում էր Լինդան՝ փորձելով խելքի բերել Քեսսիին:

– Մի րոպե առաջ դրանք տեղում էին, – բղավում էր Քեսսին:

Կրքերն այն աստիճան շիկացան, որ ներկաները ստիպված էին միջամտել: Եվ հանկարծ ցուցափեղկերի վրայից սկսեցին թռչել մետաղյա բոլոր առարկաները: Դրանց, մագնիսի պես, իր կողմն էր ձգում Կարլան, որին ամբոխը տուրուդմփոցի մեջ փորձում էր դուրս գցել դռնից: Հաջորդ վայրկյանին բոլորը և ամեն ինչ կախվեցին օդում. աղջիկները և առարկաները՝ անշարժացած դիրքերով:


С этой книгой читают