22–րդ դար։ Աշխարհի ամենից հզոր տերությունների՝ Անգլիայի և Պռուսիայի հակամարտությունը անցնում է սուր փուլի։ Ամեն մեկը ձգտում է մնացած երկրներին ներգրավել իր դրոշի տակ։ Անգլիային հաջողվում է իր կողմը հավաքել զարգացած երկրների մեծամասությունը՝ ի տարբերություն Պռուսիայի, որի դաշնակիցներն էին մի քանի թույլ ու հետամնաց արևելյան երկրներ։
Անգլիան տնտեսական ու քաղաքական սանկցիաներով սկսում է ավելի նեղել Պռուսիային։ Պռուսիան իր հերթին սաստում է հակառակորդին ու ողջ աշխարհին իր նոր ու անհասանելի սպառազինությունների տեսակներով, ինչպիսիք են. մարտական թռչող ափսեները, ստորգետնյա հողափոր սուզանավերն ու մետեորիտ հրթիռները։
Անգլիան վաղուց փորձում էր իր կողմը քաշել նաև փոքրիկ, լեռնային Բարբադոսին, որը ամուր կառչել էր Պռուսիայի պոչից ու անդավաճան ծառայում էր Պռուսիայի շահերին։
Բայց… Բայց իրականությունը այլ էր…
Մի օր, Անգլիայի լիազոր դեսպանը, օգտվելով հարմար պահից, երբ առանձնացել էր Բարբադոսի նախագահի հետ, դիմեց նրան.
– Լսի՛ր Ժորժ, մենք գնահատում ենք քո և քո երկրի, Պռուսիայի հանդեպ նվիրվածությունը։ Բայց այն, ինչ քեզ պիտի ասեմ, շատ կարևոր է։ Դուք բարբադոսցիներդ շատ լուրջ եք ընդունում մեր ու Պռուսիայի հակամարտությունը, որը ձեր կարծիքով վեր է ածվել արդեն սառն պատերազմի։
Մի պահ Անգլիայի դեսպանը լռում է, ուշադիր զննում Բարբադոսի նախագահի անսասան տեսքն ու շարունակում։
– Բարեկամս, հավատա, մեր ու Պռուսիայի հակամարտությունը իրականում ընդամենը բեմադրություն է։ Պռուսիային մենք նոր չէ, որ հաղթել ենք։ Պռուսիան, Պռուսիայի ողջ տնտեսությունն ու կառավարությունը վաղուց են ծառայում մեր շահերին, նպաստելով ֆունտ ստեռինգի կուրսի կայունության ապահովմանը։
– Իսկ նախագահը՞,– վախվորած հարցրեց Ժորժը։
Լիազոր դեսպանը քմծիծաղ տվեց։
– Էհ Ժորժ, գրողը տանի, դա էլ պիտի քեզ ասեմ։ Նախագահը, քո քավորը, այո հենց ինքը Վալդեմարը ևս վաղուց մեր մարդն է, ավելի ճիշտ, նրա երրորդ թե չորրորդ կլոնն է, չեմ էլ հիշում։ Ինչպես նաև իր նախորդներից շատերը, ծառայում էին մեզ ու մեր շահերին, որպես մեր ազդեցության ագենտներ:
– Չեմ հավատում,– սարսուռով, հազիվ արտասանեց Ժորժը։
– Էհ Ժո՜րժ, Ժորժ… Մի բանում իրավացի ես՝ անթերի ենք աշխատում։ Տե՛ս , դու էլ անգամ չես նկատել, որ քո բարեկամը, Վալդեմարը, վաղուց էլ այն նույն Վալդեմարը չի։ Հիմա ավելի պարզ կբացատրեմ: Հին ժամանակներում երկրի իշխանավորները իրենց զավակներին ու մերձավորներին պատանդ էին ուղարկում այն երկրները, որոնց հպատակն էին։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Եթե ուզում եք իմանալ, ով ում հպատակն է, նայեք թե որտեղ են ապրում ու սովորում այդ երկրի իշխանավորների հարազատները։
Ժորժ մի պահ ուզեց ասել. «Բայց ես էլ կասկածանքներ ունեի», սակայն գերադասեց լռել։
– Երևի ուզում ես իմանալ այս ամբողջ բեմադրության իմաստը,– շարունակեց դեսպանը։